Նորաձևության վերջին միտումները
Ընթացիկ ձմեռվա համար դիզայներների առաջարկած թրենդային հագուստները հարուստ են ու բազմազան, ինչպես գույների, այնպես էլ ոճերի առումով: Նրանց ստեղծած կերպարները նման չեն իրար և յուրաքանչյուր կին կարող է գտնել իր համար, այն, ինչը լավագույնս արտահայտում է իր ներաշխարհը, ինչպես նաև ընդգծում է արտաքին գեղեցկությունը: Բնական գործվածքները դուրս են մղել արհեստականներին, այնպես որ ձմռան ամիսներին ավելի հաճախ գեղեցկուհիներին կարելի է տեսնել աչք շոյող գործվածքներով պատրաստված հագուստներով` թավշակաշի, մորթի, փափուկ վանդակավոր կտորներ: Yadox-ը կօգնի հասկանալ, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել ձմռան ընթացքում: Անգլիական ոճը, որը մեծ տարածում էր գտել դեռևս տասնիններորդ դարում, մինչ օրս չի կորցնում իր արդիականությունը: Նրան հատուկ է զուսպ նրբագեղությունը, արիստոկրատիզմը և ազնվականությունը: Բարձր օձիքներ, մինչև վերջ կոճկած վերնաշապիկներ, մարմինը գրկող ժակետներ, գոդե կիսաշրջազգեստներ` այս ամենը կերպարանափոխում է կնոջը և նրան դարձնում ազմվազարմ` անկախ ծագումից:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Հաշվի առնելով ժամանակակից միտումները` պետք չէ ոտքից գլուխ հագնվել այդ ոճով: Կարելի է պարզապես համատեղել բարձր օձիքով բլուզը ուղիղ տաբատի կամ մատիտաձև կիսաշրջազգեստի հետ: Կարևորը չափն ու ներդաշնակությունը պահպանելն է: Անգլիական արիստոկրատիզմի ևս մեկ նշան են համարվում ձեռնոցները, որոնք էլեգանտ լրացում են բազմաթիվ կերպարներ ստեղծելիս: Մինչև արմունկները հասնող, երկար ձեռնոցները հիանալի համադրություն են կանացի նուրբ ուսերը մերկացնող կորսետի հետ: Այս դեպքում թավշյա կամ մետաքսե ձեռնոցները պարտադիր են, հակառակ դեպքում կերպարը անկատար կլինի: Իսկ կորսետը թույլ է տալիս ընդգծել գոտկատեղը և ազդրերի սահուն գիծը` ըստ այդմ վերացնելով գռեհկությունը: Չէ՞ որ կորսետին կցվում է բազմաշերտ, փարթամ, պատշաճ երկարության կիսաշրջազգեստը:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Դասականի սիրահարներին և նրբագեղ կազմվածք ունեցողներին դուր կգան բարձր գոտկատեղով, երկար գոդե կիսաշրջազգեստները, որոնք անհավանական հմայք են հաղորդում: Ուշադրության են արժանի նաև բազմաշերտ փեշերով զգեստները, որոնք V-աձև սիլուետի շնորհիվ վայելուչ տեսք ունեն և միաժամանակ զուսպ ու ազնվական են: Երկար թևերով զգեստները կարող են լինել ցանկացած երկարության, սակայն սովորաբար ունեն ծնկից մի փոքր ներքև երկարություն: Դրանց հետ շատ ներդաշնակ են բարձր կրունկներով երկարաճիտ կոշիկները: Կարճ, մարմինը գրկող ժակետները կնոջ ուսերն ավելի հեզաճկուն են դարձնում, իսկ կազմվածքը` էլ ավելի սլացիկ: Նման ժակետը կարելի է կրել ինչպես կիսաշրջազգեստի, այնպես էլ ջինսերի հետ: Կարևորը հպարտ կեցվածքն է ու կորությունների բացակայությունը: Խոշոր ճարմանդները, մարգարտյա վզնոցները, մեծ, ազնիվ քարերը, ականջօղերը և ընդհանրապես գույների առատությունը կօգնեն լրացնել կերպարը: Ազնվականությունը և արիստոկրատիզմը պետք է նկատելի լինի ամեն ինչում` անգամ ամենափոքր դետալներում:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Աշնանը իր գագաթնակետին էր հասել կանացի նորաձևության մեջ տղամարդկային ոճի առկայությունը: Ձմռանը այդ միտումը շարունակվում է, այնպես որ միանգամայն բնական է, որ փողոցում հանդիպենք խուլիգան, բայց միևնույն ժամանակ հաճելի «գավրոշ» ոճը, որը կնոջը անկարգ տղայի տեսք է հաղորդում: Շատ կանայք սովորաբար ցուրտ եղանակին հագնում են տաբատ, երկար սվիտեր, բաճկոն, գործած գլխարկ և նրանց մտքով չի անցնում, որ ընդամենը մի քանի աքսեսուար ավելացնելով, նրանք կվերածվեն ոճային տիկնոջ: «Գավրոշ» ոճի և բոլորի նման հագնված աղջկա միջև տարբերությունը մանրակրկիտ կերպով մշակված կերպարն է:
Լուսանկարի աղբյուրը` Yadox
Նորաձևության մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում :
#yadox #yadoxshop #yadoxarmenia




No comments:
Post a Comment